Անուշ Դավթյան

 

                 ***

Ոչ ոք ոչինչ չնկատեց,

Ոչ ոք ոչինչ չհասկացավ,

Որ մի սիրո կրակ մարեց,

Մարեց, սակայն չմոխրացավ…

 

Մի ցավ մնաց ու քարացավ,

Մի մեծ ծով էլ շուտ ցամաքեց,

Սիրո թռչող հավքն անցավ,

Սերս միայն անհույս ապրեց…

 

Ձեռքիս շողը մարեց քիչ-քիչ,

Գիշերն իջավ սրտիս վրա,

Արշալույսն էլ կարծես հեռվից

Ծիծաղում է վշտիս վրա…

                                02.12.2007թ.

                   ***

Ավիրեցիր սիրտը դու իմ,

Լուռ թողեցիր հեռացար,

Ինձ թվացիր շատ մտերիմ,

Բայց, ավա~ղ, շուտ մոռացար:

 

Նորից մենակ ես ինձ թողել

Առանց սիրո նուրբ շողի,

Դու արևն ես հետդ տարել

Քո աշխարհը գաղտագողի:

                      

 

                      ***

                                  Շատ հարցեր կան անպատասխան`

«Ու՞ր է տանում կյանքի ճամփան,

Ի՞նչ է սպասվում ինձ առջևում».

Ողջ մի կյանքն ինձ քիչ է թվում…

                                        14.11.2011թ.

 

                Թե էլ չլինեմ

 

Դու չհավատաս, որ մի օր լսես,

Թե ես էլ չկամ այս մեծ աշխարհում,

Դու չհավատաս թեկուզ և տեսնես,

Որ ձուլվում եմ ես երկնքին անհուն:

 

Ես միշտ կլինեմ քո կողքին հավետ,

Քո ժպիտի մեջ, աչքերում թախծոտ,

Քանի որ դու կաս, կապրեմ ես քեզ հետ,

Որպես մի ծաղիկ ծաղկող, կենսավետ:

 

Զեփյուռ կլինեմ կողքիդ քեզ շոյող,

Արև ու լուսին իրար հաջորդող,

Չեմ թողնի հանկարծ ինձ համար տխրես,

Քեզ հետ կլինեմ թեև չտեսնես…

                                           10.03.2006թ.

 

                       Ինչո՞ւ

 

Ո՞վ մարեց լույսը, ինչո՞ւ է մշուշ,

Ինչո՞ւ է քամին իմ դուռը թակում,

Ինչո՞ւ մնաց ինձ կարոտ ու վերհուշ…

Թախիծն է հիմա շուրջս պտտվում:

 

Ինչո՞ւ դու դարձար վարդագույն երազ,

Ժպտացիր քնքուշ ու անհետացար,

Ինչո՞ւ փշրեցիր անուրջն իմ պարզ,

Ինչո՞ւ իմ սրտին ընկեր չդարձար…

                                                     08.10.2011թ.

                                              

               Քո կենացը

 

Ես խմում եմ քո կենացը

Եվ ցանկանում եմ հարբել,

Խեղդում գինու մեջ անցածը,

Ես արդեն շատ եմ հոգնել:

Ա~խ, խմում եմ քո կենացը,

Թող մոռացվի ամեն ինչ,

Հարկավոր չէ կարեկցանքդ,

Մնա անբիծ, մնա ջինջ:

Հա´, խմում եմ քո կենացը

Եվ ցանկանում եմ հարբել,

Թող ես լինեմ մոռացվածը,

Բայց քեզանից չեմ զատվել:

                                               2003թ.

                  ***

Եվ ինչո՞ւ սիրել,

եթե միշտ գաղտնի պետք է մորմոքել

խենթ լռության մեջ…

 

                         ***

Սիրտս ծով է, ես նավաստի,

Դու էլ հեռվում փարոս հույսի…

 

                     ***

Կյանքի մայրամուտ ինձ շուտ մի´ կանչիր,

Քո գրկում ես դեռ չեմ ուզում լինել,

Քո անգութ խաղով դու ինձ մի´ խաբիր,

Վաղուց եմ ես քո գաղտնիքն իմացել:

 

                  ***

Երկար գիշեր է, լուսինը հեռու,

Սիրտս հուզվել է առանց խոսելու,

Մենակ եմ նորից գիշերում անքուն,

Քնել եմ երազում բոլորից թաքուն…

 

                    ***

Դու ցնորքն ես իմ սրտի,

Խենթ արևը տաք ու թեժ,

Դու անձրևն ես իմ կյանքի

Եվ գարունը իմ հավերժ…

                          15.03.2008թ.

 

                   

                  ***

Ապրես, թե չապրես` ոչինչ չի փոխվի,

Կյանքը նույն հունով կողքովդ կանցնի,

Ապրածդ կյանքից բան չես հասկանա,

Ծերությունը լուռ դուռդ կծեծի:

 

Անհայտ կկորչեն օրերդ կայտառ,

Ինչքան էլ փնտրես նրանց չես գտնի,

Էլ չի ջերմացնի արևը պայծառ,

Անձրևոտ ամպը քեզ էլ կհասնի…

                                                 2010թ.

 

 

               Մթնել է երկինքը

 

Այսօր մթնել է կապույտ երկինքը

Ու թաքնվել են աստղերը հեռվում,

Անհուն կարոտն է տանջում իմ սիրտը,

Էլ ոչ մի կրակ հոգիս չի այրում:

 

Այսօր մենակ եմ գիշերում խավար,

Դու նորից չկաս ու չես էլ գալու,

Ինչո՞ւ իմ սիրտը սիրո ծով տարար,

Եթե դու ծովից ափ ես դուրս գալու:

 

Այսօր երկինքը ինձ հետ չի խոսում,

Նա էլ է կարծես ինձնից խռովել,

Եվ զուր եմ այսքան ես ինձ համոզում,

Որ կյանքիս ճամփան կարող եմ փոխել:

                                                               12.12.2011թ.

 

                     ***

Դու ինձ համար չտխրես,

Թե իմանաս էլ չկամ,

Երբ կարոտես կկանչես,

Ես քեզ նորից հյուր կգամ…

                                28.11.2011թ.

 

                            ***

Իմ կյանքն էլ կանցնի, ես էլ կգնամ,

Իմ պապերի պես շիրիմ կդառնամ,

Կդառնամ մի հուշ, կդառնամ երազ

Ինձ հետ կմտնի անուրջը իմ պարզ…

28.11.2011թ.

 

                 ***

Չհասկացա կյանքն ինչ է,

Տարիներս լուռ անցան,

Լոկ մեկ ճամփան մարդուն քիչ է,

Որ հասկանա ինչե~ր կան…

                                        12.09.2011թ.

 

              ***

 Կորան բոլոր երազներս,

Բախտը խլեց իմ ձեռքից,

Խառնաշփոթ են մտքերս,

Դառնացել եմ իմ կյանքից:

 

«Ի՞նչ է սպասվում ինձ  չգիտեմ,

Ու՞ր է տանում ճամփան խենթ,

Վախենում եմ, որ մոլորվեմ

Ո՞վ կբերի նորից ետ…»:

                                  25.08.2011թ.

 

                    ***

Ընկել եմ ահա բախտիս ետևից,

Չգիտեմ ինչու պայքար եմ մղում,

Նա իր երեսն է թեքել ինձանից

Ու չեմ հասկանում ինչ խաղ է խաղում…

                                                     12.09.2011թ.

 

                  ***

Ձյունը իջնում է մազերիս վրա,

Կարծես ճերմակած լինեմ ակամա,

Ցուրտ է ամենուր, էլ արև չկա,

Ա~խ, երանի թե գարունը շուտ գա…

                                                     2011թ.

 

                           ***

Բարի մարդը բարի բաժին քիչ ունի,

Ինչ էլ անի նա այս կյանքւմ տեղ չունի.

Չար մարդիկ են, որ ապրում են հաջողակ,

Բախտը պահած ունեն փափուկ բարձի տակ:

                                                         14.12.2011թ.

 

Ինքնակենսագրություն

 

Անուշ Մարտունի Դավթյանը ծնվել է 1984թ.-ի դեկտեմբերի 7-ին Սիսիան քաղաքում: Սովորել է տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցում: Սկսել է ստեղծագործել 12 տարեկանից: Սիրում է բնությունը և ոգեշնչվում բնության բոլոր պատկերներով:

2000թ.-ին  գրական ստեղծագործությունների համար արժանացել է պատվոգրի: Այնուհետև 2003թ.-ին Սիսիանի «Որոտան» թերթում լույս տեսան իր երկու բանաստեղծությունները` «Գարնան ժպիտ»-ը և «Քո կենացը»-ը:

Այժմ ժամանակավորապես ապրում է Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղում: