ՀԱՇՎԻՉ  ՄԵՔԵՆԱ  ՀԱՅԵՐԵՆՈՎ

Ինֆորմացիայի պահպանման ավանդական ձևերն աստիճանաբար կորցնում են իրենց դերը, տեղը զիջում մեքենայացված նոր միջոցներին, որոնք ինֆորմացիայի պահպանման, մշակման և օգտագործման ավելի սեղմ, հավաստի և մատչելի միջոցներ են։ Հաշվից մեքենայի և անհատական օգտագործման ժամանակակից կոմպյուտերների մեծ տարածումը հնարավորություն ընձեռեց ստեղծել ինֆորմացիոն համակարգեր, որոնք արագորեն ներդրվում են մարդկանց գործունեության բոլոր ոլորտներում։

Մինչև այժմ գոյություն ունեցող հաշվիչ տեխնիկայի միջոցները հիմնականում հարմարեցված էին օտար լեզուներով կատարվող աշխատանքների համար։ Մինչդեռ արդեն 5-րդ դարից  ի վեր, երբ Հայաստանի արևմտյան և արևելյան հատվածների համար օտարման վտանգը կար, նաև Մաշտոցյան այբուբենը և հայատառ ու հայալեզու գրականությունը դարձան ժողովրդի հոգևոր սնունդն ու երկրի քաղաքանապես անջատ մասերը միավորող ուժը։ Մեր լեզուն այսօր ել չի կորցրել իր այդ վճռական նշանակությունը՝ ազգապահպան վիթխարի  ուժը սփյուռքի դժվարին տարուբերումների պայմաններում։

Հենց միայն այսքանը արդեն ասում է, թե անձնական օգտագործման հայատառ հաշվիչ միջոցների ստեղծման խնդիրը որքան արդիական ու կարևոր է։ Այդ միջոցները հնարավորություն կտան մեր ազգային արժեքները մշակել, կուտակել, պահպանել ու տարածել մեքենայական եղանակներով։

Կստեղծվեն գիտելիքների նոր պաշար և տարբեր բնագավառներում օգտագործվող հայալեզու ինֆորմացիոն համակարգեր։ Հաշվողական այդ տեխնիկայից կարող են օգտվել կրթական և մտավոր տարբեր մակարդակների տեր մարդիկ։

Այսօր մենք արդեն ունենք մեզ անհրաժեշտ այդ մեքենաները։ Դրանք տարբեր չափսի ցանցաշարերի վրա մեզ տրամադրում են տարբեր տառատեսակներ, կետադրական նշաններ, ուրվանկարների կետային արտապատկերումներ։ Տպագրական և գծանկարային ինֆորմացիայի արտապատկերման սարքերով համալրված հաշվից մեքենաներում հայերեն տառերի և նշանների ուրվանկարները ստացվում են խմբագրող ծրագրի օգնությամբ։ Այդ ծրագրերը թույլ են տալիս աշխատել հայատառ ինֆորմացիայով և ծրագրային տեքստերով, անկախ նրանից, թե նախապես մեքենան ինչ լեզվով է ծրագրավորված։ Թույլ են տալիս խմդագրել՝ կատարել տեքստերի փոփոխություններ և ուղղումներ, նաև տեքստերը պահպանել հիշող սարքերում, արտածել ու տպագրել։ Այդ ինֆորմացիոն տեքստերի վրա հնարավոր է կազմել տաղեկատու, ուսուցանող համակարգեր, գծանկարներում կատարել գրառումներ հայերենով։ Տարբեր լեզուներով կազմված ծրագրերը կարելի է թարգմանել հայերեն և հակառակը։ Թարգմանող ծրագրի աշխատանքի ընթացքում օգտագործվում են տերմինների բառարաններ, որոնք հեշտորեն ստեղծվում, լրացվում  և խմբագրվում են։

Կարելի է հայերենով ստեղծել տվյալների բազաներ և կուտակել տարբեր տվյալներ այս կամ այն օբյեկտի վերաբերյալ։ Կարելի է գրել տարբեր տեքստեր, օգտագործելով տարբեր տառատեսակներ, խմբագրել դրանք և ստանալ տպագրության պատրաստ նյութեր։ Այս բոլորը մեծ  չափով նվազեցնում է տպագրական ծախսերը, որն էլ ինքնին մեծ հնարավորություններ է ստեղծում նաև լեզվի տարածման համար։

Հայերենով աշխատող հաշվիչ մեքենաների մեծ տարածումը աշխարհասփյուռ հայության մեջ կնպաստի էլ ավելի մեծ հետաքրքրություն և սեր առաջ բերելու դեպի հայ գիրն ու մշակույթը, ամենատարբեր բնագավառներում աշխատող հայ մասնագետներին թույլ կտա էլ ավելի մեծ չափերով կիրառել կոմպյուտերներ։

Մենք պատրաստ ենք շահագրգռված կազմակերպություններին, անհատներին, հայկական ընկերություններին, դպրոցներին և հայ ուսանողներին  օգնելու՝ ստեղծել կամ ներդնել և օգտագործել այն ծրագրերը, որոնք հնարավորություն կտան բոլոր տեսակի անհատական կոմպյուտերների հետ ուսուցման, բժշկության, գիտության, ճարտարապետության, կերպարվեստի, գրականության բնագավառներում, կենցաղում և զվարճալի խաղերի կազմակերպման գործում աշխատել հայերենով։

Ցանկացողներն այդ նպատակով կարող են դիմել Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե։

Գ. Վահանյան,
Տեխնիկական գիտությունների թեկնածու,
Մ. Մարկոսյան,
Տեխնիկական գիտությունների թեկնածու,
Վ. Օհանյան,
Ինժեներ

«Հայրենիքի ձայն», N11, 11 մարտի 1987թ.